
17/05/2022 21:18
Ուկրաինայում արգելել են Կոմունիստական կուսակցության գործունեությունը
Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության գործունեությունը դադարեցնելու մասին դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ, հայտնել է «Գորդոն» պարբերականը՝ հղում անելով երկրի սահմանադրական դատարանում Գերագույն Ռադայի ներկայացուցիչ Օլգա Սովգիրիային։
«Ուկրաինայում ապակոմունիզացիայի մասին օրենքի ընդունումից 6 տարի անց վերջնականապես արգելվել է Կոմունիստական կուսակցության գործունեությունը»,- պարբերականին հայտնել է պատգամավորը։
Նա հստակեցրել է, որ Կիևի շրջանային վարչական դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ արդեն իսկ դադարեցվել էր Կոմունիստական կուսակցության գործունեությունը, բայց այդ որոշումը հետագայում բողոքարկվել էր և չէր մտել ուժի մեջ։ Այժմ բողոքարկումը վերանայվել է, իսկ կուսակցության գործունեությունն արգելող որոշումն ուժի մեջ է մտել։
«Այս ամբողջ ընթացքում Կոմունիստական կուսակցությունը շարունակում էր գոյություն ունենալ, անգամ անդամավճարներ էր ստանում, թեպետ արգելված էր նրա մասնակցությունն ընտրական գործընթացներին։ 6-րդ վարչական վերաքննիչ դատարանն արդեն ավարտել է բողոքի քննությունը, մերժել է բավարարել բողոքը, ինչի արդյունքում Ուկրաինայում Կոմունիստական կուսակցության գործունեությունն արգելելու մասին դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ»,- ասել է Սովգիրիան։