18/05/2022 19:10
«Դա կկաշկանդի գաղտնի տեղեկություններ հրապարակողներին»․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Մեծ Բրիտանիային կոչ է արել Ասանժին չարտահանձնել ԱՄՆ
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարին կոչ է արել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին չարտահանձնել ԱՄՆ՝ նշելով, որ դա կկաշկանդի «հանուն հանրային շահի՝ գաղտնի տեղեկություններ հրապարակողներին», ինչպես նաև կսահմանափակի մամուլի ազատությունը։
ԵԽ կայքում հրապարակված նամակում, որը Միյատովիչն ուղղել է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարին, նշված է․
«Հաշվի առնելով Ասանժին արտահանձնելու հետևանքները և անկախ փորձագետների մտավախությունները՝ արտահանձնումից հետո նրա նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ, Միացյալ Թագավորության կառավարությունը չպետք է թույլ տա Ասանժի արտահանձնումը Միացյալ Նահանգներին։ Այդ պատճառով կոչ եմ անում Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Փրիթի Փաթելին՝ մերժել պարոն Ասանժի արտահանձնումը»։
Միյատովիչը նամակում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից WikiLeaks-ի հիմնադրին ներկայացված մեղադրանքները «հանուն հանրային շահի՝ գաղտնի տեղեկատվություն հրապարակողներին» պաշտպանելու անհրաժեշտություն են առաջացնում։ Ըստ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, Ասանժի արտահանձնումը կկաշկանդի նրանց և ԶԼՄ-ների գործունեությունը, կխոչընդոտի մամուլի ներկայացուցիչներին՝ ազատ իրականացնել իրենց աշխատանքը։
Նշենք, որ ապրիլին Լոնդոնի Վեսթմինսթերի մագիստրատուրայի դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին որոշում էր կայացրել, գործը փոխանցվել էր Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Փրիթի Փաթելին՝ վերջնական վճիռ կայացնելու համար։