18/05/2022 17:59
Ավտոերթ իրականացնողների տրանսպորտային միջոցները մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին․ ստացվում է՝ ոստիկանությունն ուղղակի առգրավել է ՀՀ քաղաքացիների գույքը․ Թագուհի Թովմասյան
Սույն թվականի մայիսի 16-ից ունենք այնպիսի իրավիճակ, երբ ոստիկանության ծառայողների կողմից իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիների տրանսպորտային միջոցները առանց հիմնավորման տարվել են հատուկ պահպանվող տարածք և մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ այս հարցի վերաբերյալ գրություն է ուղարկել ոստիկանապետ Վահե Ղազարյանին։
«Մեքենաների սեփականատերերին Ոստիկանության կողմից չի տրվել այն հիմնավոր պատճառաբանությունը, թե ինչ հիմքով են իրենց տրանսպորտային միջոցները պահվում հատուկ պահպանվող տարածքում։ Ստացվում է՝ Ոստիկանությունն ուղղակի առգրավել է ՀՀ քաղաքացիների գույքը և ոչ վերադարձնում է, ոչ էլ նշում է, թե ինչ հիմքով չի վերադարձնում: Սա ամենաթողություն է…
Արձանագրենք, որ տրանսպորտային միջոցների հատուկ պահպանվող տարածք տանելը և այն դրանց օրինական տիրապետողներին չվերադարձնելը առանց իրավական հիմնավորման՝ խախտում է քաղաքացու մի շարք իրավունքները, այդ թվում՝ սեփականության իրավունքը։ Հետևաբար, Ոստիկանության նման գործողությունները չեն բխում օրենքից, դրանք անձի սեփականության իրավունքին ակնհայտ անհամաչափ միջամտություն են, և այդ տրանսպորտային միջոցները պետք է անհապաղ վերադարձվեն դրանց օրինական տիրապետողներին։
Նկատի ունենալով, որ ներկայացրած հարցի լուծումը ենթակա է ՀՀ Ոստիկանության իրավասությանը, գրություն եմ ուղարկել ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և խնդրել եմ հանձնարարել համապատասխան մարմիններին՝ ուսումնասիրելու ներկայացված խնդիրը և տրամադրել տեղեկություն ստորև նշված հարցերի վերաբերյալ․
1. Սույն թվականի մայիսի 16-ից իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիների տրանսպորտային քանի՞ միջոց է տարվել հատուկ պահպանվող տարածք և ի՞նչ հիմնավորմամբ։
2. Ոստիկանության կողմից ե՞րբ է նախատեսվում նշված քաղաքացիներին վերադարձնել հատուկ պահպանվող տարածքում գտնվող իրենց տրանսպորտային միջոցները։
Լրացուցիչ կտեղեկացնեմ գործընթացի զարգացումների մասին»,- գրել է Թագուհի Թովմասյանը: