18/05/2022 18:20
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողները զգացել են անպատժելիության համը. իրավապաշտպան
Ոստիկանության գործողությունները գնալով հեռանում են իրավունքից, իսկ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր ձերբակալության վերաբերյալ կարելի է ասել, որ հեռանում են նաև բարոյականության նվազագույն չափորոշիչներից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի դրսևորումները գնալով ավելանում են։
Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ երեկ, բացի 77-ամյա կնոջ ձեռքը կոտրելը, ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով կոտրվել է նաև Արցախյան առաջին պատերազմի մասնակից, հաշմանդամություն ունեցող մի տարեց մարդու ձեռք ևս։
«Այսօրինակ գործողություների պատճառն այն է, որ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողները զգացել են անպատժելիության համը։ Նրանց որևէ հանցագործություն համարժեք արձագանքի չի արժանանում։
Այդքան տեսագրություններ և փաստեր կան, բայց ընդամենը մեկ անգամ եմ հիշում, որ կիսաձայն հայտարարվել է ծառայողական քննության մասին։ Սա այն դեպքում, երբ ծառայողական քննությունը որևէ կերպ չի կարող փոխարինել քրեական վարույթին, իսկ անհրաժեշտ էր, որ միանգամից քրեական վարույթ հարուցվեր»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ եթե ցուցարարներն, ըստ իշխանության, ինչ-որ բան այն չեն անում, միանգամից ձերբակալվում են, նրանց նկատմամբ կոշտ միջոցներ են ձեռք առնվում։
«Այս ամենը, կրկնում եմ, հետևանք է անպատժելիության»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։