18/05/2022 18:53
Զենքի համաշխարհային շուկայում Ռուսաստանի ներկայացվածությունը 20 տոկոս է․ ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանի կողմից սպառազինությունների համաշխարհային շուկա արտահանված զենքի ծավալը 2017-21 թվականներին մոտավորապես 20 տոկոս է կազմել, ըստ ՏԱՍՍ գործակալության, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։
«Զենքի համախարհային շուկայում ԱՄՆ-ն ներկայացված է 39 տոկոսով, իսկ Ռուսաստանը, որի բյուջեն անգամներով ավելի քիչ է, 20 տոկոսով է ներկայացված»,- ասել է Բորիսովը։
ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ աշխարհի երկրները 50 միլիարդ դոլարի զենք են պատվիրել Ռուսաստանին։
«Երկար տարիների պատվերների փաթեթը 50 միլիարդ դոլար է կազմում։ Տարեկան մեր երկիրն արտահանոմ է 14-15 միլիարդ դոլարի զենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ռուսական զենքի հիմնական գնորդներն են Հնդկաստանը, Չինաստանը, Եգիպտոսը, Ալժիրը և աշխարհի այլ երկրներ։
«Իմ գնահատականով՝ ածխաջրածնից, պարենամթերքից, հացահատիկից հետո զենքի արտահանումից ստացված եկամուտը ընդհանուր եկամտի երրորդ բաղադրիչն է»,- ասել է Բորիսովը։
Նա նշել է նաև, որ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը ռազմական ծախսերի ծավալով 5-րդ տեղում է․ Ռուսաստանի ծախսերը 66 միլիարդ դոլար են կազմում, ԱՄՆ-ինը՝ 801 միլիարդ դոլար, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ընդհանուր ծախսերը՝ ավելի քան 1,2 տրիլիոն դոլար։