18/05/2022 20:25
Ոչ մի պարագայում մեր հերոսածին ծնողներին մենակ չենք թողնելու․ Արթուր Վանեցյան
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը բարձրաձայնեց 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր և հորեղբոր նկատմամբ իրավապահ համակարգի գործողությունների մասին՝ նշելով՝ Գալեյանները զոհված զինվորների այլ ծնողների հետ գնացել են զինվորական քննչական վարչություն՝ իրենց բողոքը բարձրաձայնելու, պահանջելու, որ Նիկոլ Փաշինյանին կանչեն հարցաքննության, սակայն նրանց անհիմն մեղադրանքներ են առաջադրել։
«Պարզվել է, որ զինվորական քննչական վարչության դիմացի շենքը, 5 մետր հեռավորությամբ, նույն բակում, նորաստեղծ զորամաս է ու հմա Գարիկ Գալեյանին մեղադրանք են առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 327․6 հոդվածով՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը, որը նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում։ Պատկերացնու՞մ եք՝ ինչի մասին է խոսքը։
Դրանից բացի, այսօր իմացանք, որ այդ գործով որոշում են կայացրել ձերբակալել Գարիկ Գալեյանի ավագ եղբորը՝ Արթուր Գալեյանին»,- մանրամասնեց Արթուր Վանեցյանը։
Նա նաև տեղեկացրեց՝ րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ նախաքննություն իրականացնող մարմինը որոշում է կայացրել, այնուամենայնիվ, Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխել և կիրառել ստորագրություն՝ չհեռանալու մասին միջոցը։
«Բայց Արթուր Գալեյանի մասով, ոնց որ թե, չեն ուզում փոխել որոշումը։ Մենք պարտադրելու ենք, որ փոխեն, որովհետև քիչ առաջ, երբ ես իջնում էի զինվորական քննչական վարչությունից, դիմացը կանգնած 50-ից ավելի ծնողներ կային, որոնք ասում էին՝ մենք բոլորս Գարիկ ենք, մենք բոլորս Արթուր ենք և պահանջելու ենք, որ նրանք ազատ արձակվեն։ Նաև ասացին՝ մեր անունից հանրահավաքի մասնակիցներին կփոխանցեք, որ մեզ հանկարծ մենակ չթողնեն»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Ընդդիմադիր գործիչը հավաստիացրեց՝ ոչ մի դեպքում մենակ չեն թողնելու հերոսածին ծնողներին, մինչև վերջ հետամուտ են լինելու, որ նրանց որդիների մահվան մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։
«Մենք որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին մենակ չենք թողնելու։ 4 000-ից ավելի մարդ զոհած հանցագործներին մինչև այս պահը պատասխանատվության չեն ենթարկել, բայց հերոսածին ծնողին մեկ րոպեում ձերբակալելու և քրեական գործ հարուցելու որոշում են կայացրել»,- ընդգծեց Արթուր Վանեցյանն և հավելեց՝ պայքարը շարունակելու են մինչև վերջ, անպայման հասնելու են վերջնարդյունքին։