18/05/2022 21:12
Ոստիկանությանը, կարծես, թույլատրված է բռնի ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ․ կա որոշակի անպատժելիության մթնոլորտ. Իրավապաշտպան
Խաղաղ ցուցարարների նկատմամբ հաճախ կիրառվում է անհամաչափ ուժ, և այդ ուժի կիրառման դրվագներում կան առերևույթ հանցագործության դրսևորումներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը՝ նշելով, որ քննադատորեն է մոտենում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության վերջին օրերի գործողություններին։
«Թե ինչպես է ընթանում այդ բոլոր գործերի քննությունը, կարող եմ գնահատական տալ, որ թեպետ կան ծառայողական քննության մի քանի տասնյակ դեպքեր, բայց դեռևս որևէ հստակ գործողություն իրականացված չէ։ Սա նշանակում է, որ ոստիկանությանը, կարծես, թույլատրված է բռնի ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, և կա որոշակի անպատժելիության մթնոլորտ և ամենաթողություն»,- ասաց իրավապաշտպանը։
Զառա Հովհաննիսյանը շեշտեց՝ ոստիկանությունը շարունակում է մնալ իշխանության շահերի սպասարկուն, ոչ թե հանրությանը ծառայություն մատուցող և հանրային կարգուկանոնը վերահսկող մարմին։
Անդրադառնալով զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր ձերբակալությանը՝ իրավապաշտպանը շեշտեց՝ պետությունը ոչ մի բան չի արել և չի անում՝ բարոյահոգեբանական աջակցություն տրամադրելու պատերազմի արհավիրքը տեսած և իրենց որդիներին կորցրած ընտանիքներին, ավելին՝ պատերազմի ավարտից հետո առհասարկ խուսափում էր զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպել։
Զառա Հովհաննիսյանի խոսքով՝ պետությունը չի կարողացել խոսել այն լեզվով, որը հազարավոր որդեկորույս ընտանիքների կօգներ հաղթահարել ահռելի տրավման, վերապրել պատերազմի սարսափը։
«Ես ամենևին չեմ կարող պատերազմի կորուստներ կրած մարդկանց մեղադրել, նույնիսկ այն գործողությունների համար, որոնք սովորական իրավիճակներում կարող են հանցագործություն դիտվել։
Ես համարում եմ, որ մարդիկ բավականին լուրջ տրավման են ապրել, և պետությունն այդ տրամային համարժեք պատասխան չի տվել։ Պետք է նրանց հետ ուղիղ երկխոսությունը շարունակել։ Տրավման այնքան խորն է, որ այդ մարդկանց ցանկացած գործողություն բխում է հենց այդ տրավմայից»,- նշեց իրավապաշտպանը։