19/05/2022 15:29
Դանակահարություն՝ Արշալույս գյուղում. տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները
Մայիսի 14-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում դանակահարություն էր եղել, և պատճառը դարձյալ անհանդուրժողականությունն էր: Կեսգիշերին մոտ երկու տղամարդ անձնական հարցերի շուրջ վիճել էին, և նրանցից մեկը դանակահարել էր մյուսին:
Դեպքից մոտ 30 րոպե անց, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել. ծակած-կտրած վերքով 27-ամյա տղամարդ էր բուժօգնության տեղափոխվել:
Հիվանդանոցում տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնելով՝ իբր ընկել էր երկաթի վրա: Հիվանդանոցում ոստիկաններին չի հաջողվել նրա հետ խոսել. ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Վնասվածքի վերաբերյալ նրա հայտարարությունը հավատ չի ներշնչել. ծակած-կտրած վերքը կարող էր դանակահարության հետևանք լինել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սկսվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ներգրավվել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները: Համագործակցված աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արշալույս գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողին դանակով խփել է Արմավիր գյուղի 36-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: