19/05/2022 19:25
Ուկրաինայում վաճառքի են հանվել որպես օգնություն՝ բանակին տրամադրվելիք զրահաբաճկոնները
Ուկրաինայում փորձել են վաճառել որպես մարդասիրական օգնություն՝ բանակին մատակարարվելիք 1 000 –ից ավելի զրահաբաճկոններ, հայտնել է երկրի անվտանգության ծառայությունը։
«Հետաքննության տվյալներով՝ փորձ է արվել անօրինական կերպով վաճառել 1 000 –ից ավելի զրահաբաճկոններ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 12 միլիոն գրիվենը։ Անվտանգության ծառայության միջամտության շնորհիվ հաջողվել է առևտրի կետերից մեկից առգրավել ապրանքի մի մասը»,- նշված է Ուկրաինայի անվտանգության ծառայության հաղորդագրությունում, որը հրապարակվել է գերատեսչության տելեգրամյան ալիքում։
Ըստ տեղեկագրի՝ զրահաբաճկոններն արտադրվել են Ուկրաինայում՝ հասարակական կազմակերպություններից մեկի կողմից՝ ուկրաինական բանակի կարիքների համար։
Նշենք, որ ավելի վաղ «Страна» պարբերականը հաղորդել էր, որ մի խումբ կամավորականներ դիմել են Ուկրաինայի անվտանգության ծառայությանը և Գլխավոր դատախազությանը՝ տեղեկացնելով, որ հիմնավոր կասկածներ ունեն, որ ուկրաինական առևտրի կենտրոններից մեկում վաճառվող զրահաբաճկոնները շատ նման են նրանց, որոնք իրենք են արտադրում՝ անվճար հիմունքներով բանակին տրամադրելու համար։