20/05/2022 19:46
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ երկու երկրները բարձր մակարդակի հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են թե' ավանդույթի, թե' ներկա իրողությունների վրա:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում առանձնակի կարևորություն ունի միջխորհրդարանական համագործակցությունը, որին որակական նոր մակարդակ են հաղորդում փոխայցերը:
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, կարևորելով հայ-իրանական հարաբերությունների բազմադարյա պատմությունը, նշել է, որ դրանք պետք է զարգացնել, այդ թվում` միջխորհրդարանական հարթակներում:
Դեսպանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության անհրաժեշտությունը:
ԱԺ փոխնախագահը դեսպանի խնդրանքով մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ` ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները:
Խորհրդարանի փոխխոսնակը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը:
Կողմերն անդրադարձել են նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման կարևորությանը: