20/05/2022 10:50
Խոշոր փլուզում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում. տապալվել են էլեկտրասյուներ, ճանապարհը երկկողմանի փակ է
Այսօր խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 200 մետր երկարությամբ ճանապարհի հենապատի փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով մի քանի էլեկտրասյուներ են տապալվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում հերթապահություն են կատարում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր Լենինգրադյան փողոցից դեպի «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոն ճանապարհը երկկողմանի փակել են և տեղում կատարում են ուժեղացված ծառայություն։
Փլուզման հետևանքով վնասվել է նաև կոյուղատարը, և կեղտաջրերը լցվում են դուրս։