23/05/2022 17:52
Դատավոր Կարեն Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, որին միացել էին զոհված զինծառայողների ծնողները, մերժվեց
Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, որին միացել էին նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։
Ինքնաբացարկի միջնորդությունը Բիշարյանին ներկայացվել էր այսօր` մայիսի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքի քննության ընթացքում։
Փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել այն հիմքով, որ քրեական գործը Բիշարյանին է մակագրվել ձեռքով, ինչը օրենքի խախտում է ու կասկածի տակ է դնում գործի քննության անաչառությունը։
Զինծառայողների ծնողները ևս հայտարարել էին, որ միանում են Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած միջնորդությանը։