24/05/2022 18:56
Թուրքիայում հայտարարել են՝ կարող են դուրս գալ ՆԱՏՕ-ից և թյուրքական ու իսլամական պետությունների հետ անվտանգային նոր դաշինք ստեղծել
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելին չի բացառել, որ Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից։
«Եթե ներկա իրավիճակը փակուղի տանի, մեր օրակարգում, որպես այլընտրանքային տարբերակ, պետք է ներառել ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու հարցը»,- ասել է Բախչելին՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցի համատեքստում։
Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան հաշվի չեն նստել Թուրքիայի «օրինական» առարկությունների հետ։
Թուրքիայի իշխող կուսակցության գործընկերը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարը հայտարարել է նաև, որ ՆԱՏՕ-ի այլընտրանքը կարող է լինել թյուրքական երկրների և 57 իսլամական պետությունների մասնակցությամբ ստեղծվելիք անվտանգության կազմակերպությունը։
«Երևի դա ամենաճիշտ որոշումն է»,- նշել է Բախչելին՝ հավելելով, որ կազմակերպությունը կարող է կոչվել «Ասիայի և Միջին Արևելքի անվտանգության կազմակերպություն»։
«Թուրքիան անելանելի դրության մեջ չէ, մենք տարբերակներ ունենք։ Ինչպես ապրում էինք առանց ՆԱՏՕ-ի, այնպես էլ կապրենք»,- ասել է Բախչելին։