24/05/2022 17:43
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Սյունիքի մարզ
Մայիսի 24-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին, տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։
«Դեսպանը շնորհավորել է մարզպետին նշանակման կապակցությամբ։ Լին Թրեյսին ասել է, հասկանում է՝ հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար և հավելել, որ դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ներդրումներով մարզում իրականացված ծրագրերի, հատկապես ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով գյուղական համայնքներում կատարված աշխատանքների համար՝ ցանկություն հայտնելով դրանք շարունակելի տեսնել։
Մարզպետը նաև կարևորել է դեսպանի կողմից պարբերաբար Սյունիք այցելելը՝ նշելով, որ տեղի բնակիչների համար դա որոշակի ցուցիչ է։
ԱՄՆ դեսպանն ու Սյունիքի մարզպետը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին ու առհասարակ՝ Սյունիքի զարգացմանը։
Դեսպանը կարևորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, այն պետք է ներկայացնել մարդկանց։
Կողմերի միջև հետագա համագործակցության եւ փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռքբերվել»,- նշված է հաղորդագրությունում։