24/05/2022 21:27
ՆԱՏՕ-ն իր զորքերն Ուկրաինա չի ուղարկի․ չենք ուզում պատերազմել Ռուսաստանի հետ․ Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքն Ուկրաինայում հակամարտության կողմ չի դառնա և այնտեղ զորքեր չի ուղարկի, քանի որ չի ցանկանում Ռուսաստանի հետ պատերազել, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։
«ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չի դառնա, մենք մեր զորքերը չենք ուղարկի այդ տարածաշրջան, որտեղ նրանք անմիջականորեն կներգրավվեն պատերազմին։ Ուկրաինային աջակցություն ցուցաբերվում է, բայց առանց պատերազմին անմիջականորեն ներգրավվելու»,- ասել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ դաշինքը շարունակում է ակտիվորեն աջակցել գործընկեր երկրներին, բայց նրա հիմնական պատասխանատվությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունն ապահովելն է։
«Այդ պատճառով մենք պետք է վստահ լինենք, որ այս դաժան, ահասարսուռ պատերազմը չի վերածվի լայնամասշտաբ պատերազմի Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև»,- ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև, որ 2014 թվականից այս կողմ դաշինքի անդամ երկրները տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսել ուկրաինական բանակը վերազինելու, վերապատրաստելու ուղղությամբ։ Նույն թվականից սկսած՝ սկսել են ամրացնել սեփական անվտանգությունը․ այժմ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո գտնվող 40 000 զինվորականներ են տեղակայված ՌԴ սահմանների մոտ, ևս 100 000-ը լիովին պատրաստ են։
«Հյուսիսատլանտյան դաշինքն այս նախապատրաստական աշխատանքները պաշտպանական բնույթի է համարում, դրանք ուղղված են նրան, որ Մոսկվային թույլ չտանք սխալվել իր հաշվարկներում»,- նշել է Յենս Ստոլտենբերգը։