24/05/2022 11:00
Մի քանի լրագրողի պատճառով ստվերվում են բարեխիղճ լրագրողները, ինչպես, օրինակ, ընդդիմադիրների պատճառով Ազգային ժողովի վարկանիշն է ընկնում. Արթուր Հովհաննիսյան
Աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով պետական մարմիններին հնարավորություն կտրվի դադարեցնել լրագրողների հավատարմագրումը:
Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս նախագիծը Ազգային ժողովի կողմից լրագրողական համայնքին աջակցության միջոց է։
«Ցավոք սրտի, կան լրագրողներ, որոնք այդ մասնագիտությանը ոչ հարիր վարքագիծ են դրսևորում, որի արդյունքում ամբողջ համայնքի համար խնդիրներ են առաջանում ու հանրության մոտ կարծիք է ձևավորվում, որ այդ մասնագիտությունը հենց այդպիսին էլ պետք է լինի՝ ոչ պրոֆեսիոնալ, հանրության շահը չներկայացնող ու այսպես շարունակ, մենք հիմա օգնում ենք համայնքին, որ այդ խնդիրները վերանան, սա, առաջին հերթին, լրագրողական համայնքին աջակցություն է», - ասաց Պապոյանը։
Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց, թե հանդիպում են բազմաթիվ իրավիճակների, երբ հնչում են վիրավորանք, սպառնալիք պարունակող տեքստեր, ընդհուպ, վերաբերող պատգամավորներին։
«Բոլոր ճեպազրույցների ընթացքում մենք տեսնում ենք ամենատարբեր խախտումները, որոնք խաթարում են ոչ միայն ճեպազրույցի ընթացքը, այլև՝ բնականոն աշխատանքը», - ասաց նա։
ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ մի քանի լրագրողի պատճառով ստվերվում են բարեխիղճ լրագրողները։
«Ու այդպես էլ կա, մենք ունենք բազմաթիվ բարեխիղճ լրագրողներ, ցավոք, կան մի քանի լրատվամիջոցներ, որոնք կազմակերպված կերպով փորձում են փչացնել ամեն ինչ, ինչպես որ կան քաղաքական ուժեր, որոնք կազմակերպված փորձում են փչացնել ամեն ինչ, օրինակ, մեր ընդդիմադիրների պատճառով էլ Ազգային ժողովի վարկանիշն է ընկնում», - նշեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։