26/05/2022 18:45
«Սպասենք արդարացման դատական ակտի»․ տարեց քաղաքացիները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել․ փաստաբանը՝ Գյումրու միջադեպի մասին
Փաստաբան Գայանե Պապոյանը տեղեկացրել է, որ Գյումրու դեպքով վարույթն իրականացնող մարմինը քիչ առաջ հայտարարել է նախաքննության ավարտ։ Տուժողները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել։
«Նախաքննությունը տևեց երկու շաբաթից մի փոքր ավելի։
Ծանոթացա գործի նյութերին։ Տուժողները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել։ Ավելին, տեսանյութում երևացող դեպքն էլ եղել է այն բանից հետո, երբ տուժողներից մեկը հավկիթներով հարվածել է երթի մասնակիցների ավտոմեքենաներին։
Ընդ որում, ըստ տուժողների ցուցմունքների, եթե հավկիթները տուժողի կողմից չնետվեին մարդկանց ուղղությամբ, տեսանյութում երևացող միջադեպն էլ տեղի չէր ունենա։
Հիշեցնեմ, որ արարքը որակվել է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և այս ապացույցների համատեքստում գործն ուղարկվում է դատարան։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ ապօրինություն։
Հ.Գ. Դե ինչ, սպասենք արդարացման դատական ակտի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը: