26/05/2022 19:22
Չենք հերքում, որ շրջանառվող տվյալների մի մասը Globbing-ի հաճախորդների տվյալներ են, բայց վերջնական պատասխանը կտա քննությունը. Globbing-ի Հայաստանի մարքետինգի ղեկավար
Մենք չենք հերքում, որ շրջանառվող տվյալների մի մասը կարող է լինել Globbing-ի հաճախորդների տվյալներ, և մի մասը Globbing-ի հաճախորդների տվյալներ են, բայց դեռ չունենք վստահություն, որ արտահոսքը մեզ մոտից է եղել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Globbing-ի Հայաստանի մարքետինգի ղեկավար Արփինե Համբարձումյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկատվությանը, որ Globbing առևտրային ցանցի կայքը ենթարկվել է հաքերային հարձակման, և տեղի է ունեցել հաճախորդների անձնական տվյալների արտահոսք։
«Շրջանառվում են անձնական տվյալներ, որոնց արտահոսքը, ըստ որոշ մարդկանց, տեղի է ունեցել Globbing-ից։ Այս հարցով այժմ զբաղվում են մասնագետները, քննությունն ընթացքի մեջ է. մենք ներգրավել ենք կիբերանվտանգության տեղական և արտասահմանյան մասնագետների։ Այս պահին համապատասխան աշխատանքներ են տարվում, և այս պահին նորություններ, որպես այդպիսին, չկան։ Այսինքն՝ այս պահին հնարավոր չէ ասել՝ արդյոք տվյալների արտահոսք եղել է Globbing-ից, թե ոչ», - ասաց մեր զրուցակիցը։
Արփինե Համբարձումանը միաժամանակ նշեց, որ համընկնող տվյալներին զուգընթաց՝ քիչ չեն նաև այն տվյալները, որոնք որևէ մեկի հետ չեն համընկնում։
«Շրջանառվող տվյալները 256 հազար են, որոնց մի մասն, այո, համընկնում է։ Համընկնում են այնպիսի տվյալներ, որոնք հասանելի են նաև այլ բաց աղբյուրներում։ Այս հարցով, ինչպես արդեն ասացի, մենք ներգրավել ենք նաև պետական բոլոր հետաքրքրված մարմիններին, քննություն է ընթանում, հետևաբար, որևէ մեկը չի կարող վստահաբար ասել, թե արտահո՞սք է տեղի ունեցել, թե՞ ոչ», - նշեց մեր զրուցակիցը։
Արփինե Համբարձումյանի խոսքով՝ չի բացառվում, որ շրջանառվող տվյալները հավաքագրվել են տարբեր աղբյուրներից՝ չնայած Globbing-ը չի բացառում, որ դրանց մեջ կան նաև իր հաճախորդների տվյալներ։
«Եվ այո, մենք համոզվել ենք, որ այդպիսի տվյալների քանակ կա, բայց որևէ մեկը չի կարող վստահաբար ասել, թե այդ բազան որտեղից է և քանի տոկոսն է մեր հաճախորդներինը», - նշեց նա։
Մեր զրուցակիցը միաժամանակ հավաստիացրեց, որ հրապարակված տվյալները՝ քաղաքացիների անուն-ազգանուններ, որոշ դեպքերում հասցեներ կամ հեռախոսահամարներ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող վնասել վերջիններիս, թույլ տալ նրանց անունից որևէ գործարք իրականացնել։
«Մենք պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր հաճախորդների անվտանգությանը, և մեր գործունեության 7 տարիների ընթացքում մենք մեր պահոցներում չենք ունեցել անձնագրի նկարներ, բանկային քարտերի նկարներ և այդօրինակ այլ ինֆորմացիա», - ասաց Արփինե Համբարձումյանը։