01/06/2022 12:57
Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում․ Գնել Սանոսյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է լավ և կառուցողական մթնոլորտում, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Այնտեղ, որտեղ հանդիպումը տեղի է ունեցել, կառուցողական, նորմալ, մասնագիտական քննարկում է եղել։ Առաջին հանդիպման համար բավականին կարևոր հարցեր բարձրացվել են, աշխատանքի որոշակի օրակարգ է սահմանվել», - ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է անցել կառուցողական մթնոլորտում, եթե դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ էր ստեղծվել, որի հետևանքով հակառակորդի կրակոցից զոհվել էր զինծառայող՝ Սանոսյանն արձագանքեց․ «Այո՛, սահմանին միջադեպերը խանգարում են նման գործընթացներին և շատ դատապարտելի է, որ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի հետևանքով զինծառայողները կարող են զոհվել»:
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։