06/06/2022 20:00
Ալերգիկ ռինիտ. անոթասեղմիչների չարաշահումը կարող է հանգեցնել դեղորայքային ռինիտի
Ալերգիկ ռինիտը քթի խոռոչի լորձաթաղանթի մշտական կամ սեզոնային բորբոքումն է՝ պայմանավորված տարբեր ալերգեններով (բորբոս, փոշի կենդանիների մորթի, փետուր, ծառերի, բույսերի, ծաղիկների ծաղկափոիշի)։
Ախտանշանները՝
• Երկարատև փռշտոց
• Քոր՝ քթում, կոկորդում, ականջներում, աչքերում
• Քթի փակվածություն կամ արտադրություն քթից
• Արցունքահոսություն, աչքերի այտուցվածություն
Առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս դեռահասության շրջանում։ Ալերգիկ ռինիտը օրգանիզմի պատասխանն է շրջապատող շնչառական ալերգենների նկատմամբ, որ արտահայտվում է քթի, բերանի, աչքերի, շնչափողի, բրոնխների լորձաթաղանթի բորբոքմամբ։
Կարևոր է ալերգիկ ռինիտի ախտանշանները չշփոթել ինֆեկցիոն ծագման հարբուխների հետ, ալերգիկ ռինիտները երկար տևողություն ունեն, եթե սեզոնային են, հիմնականում անհանգստացնում են ապրիլից մինչև հոկտեմբեր ժամանակահատվածում, իսկ շուրջտարյա ռինիտների դեպքում, երբ պատճառը փոշու տզերն են, կարող են ամբողջ տարի անհանգստացնել։
Ախտորոշում՝
• Ալերգենների հայտնաբերման մաշկային թեստեր
• Արյան շիճուկում սպեցիֆիկ իմունոգլոբին E-ի որոշում
• Քթի խոռոչի արտադրության բջջաբանական հետազոտություն
• Մոլեկուլյար հետազոտություն
Ախտորոշումն օգնում է խուսափել հնարավոր ալերգեններից։ Նախկինում համարվում էր, որ միայն ախտանշային բուժում է հնարավոր, կան նաև ալերգենների տեսակներ, որ հնարավոր է բուժել։
Ալերգիկ ռինիտների կանխարգելման գործում կարևոր է առողջ կենսակերպը, առողջարար սննդակարգը, եթե ընտանիքում ծնողներն ունեն նախատրամադրվածություն, ապա կարևոր է երեխայի մաշկը խնամել նորածնային հասակից սկսած, որովհետև վնասված մաշկի պատճռով երեխաները կարող են ձեռք բերել ալերգիա շրջապատի ալերգենների նկատմամբ, ինչն ավելի ուշ տարիքում կդրսևորվի ալերգիկ ռինիտով։ Երկրորդային կանխարգելումը ենթադրում է ալերգեն սպեցիֆիկ իմունոթերապիա. հայտնաբերվում է ալերգենը, և եթե բուժվող ալերգեն է, ապա մինչ սեզոնի սկսվելը իրականացվում է թերապիա։ Կարևոր է ինքնաբուժությամբ չզբաղվել, չչարաշահել անոթասեղմիչների օգտագործում, որ կարող է առաջացնել կախվածություն, հանգեցնել դեղորայքային ռինիտի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։