06/06/2022 12:57
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 122 բուժհիմնարկ մնացել է Ադրբեջանի զավթած տարածքներում
2021թ․ ընթացքում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա, որից 734-ը՝ տղա, 729-ը՝ աղջիկ: Այդ մասին «Արմենպրես-ին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ Նա նշել է, որ ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 78 երեխա: Արդյունքում Արցախում 2021 թվականի ընդհանուր ծնելիությունը կազմել է 1541 երեխա, որից 779-ը՝ տղա, 762-ը՝ աղջիկ:
«ԱՀ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում գրանցված են արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 180 զույգ։ Արցախի նախագահի 2021-2025 թվականի գործունեության ծրագրի շրջանակներում, համաձայն ՀՀ համապատասխան բուժհիմնարկների հետ կնքված պայմանագրերի 2021թ․ արտամարմնային բեղմնավորման ուղեգրված 88 զույգից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ, որի արդյունքում ունենք 25 հղիություն ու 3 ծնունդ։ Արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնվել են 3 երեխա (3 տղա)։ Ծրագիրը կրում է շարունակական բնույթ», - ասել է նախարարը՝ ավելացնելով, որ պատերազմի հետևանքով 4 շրջանային բուժմիավորում (Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի), 1 տեղամասային հիվանդանոց, 9 գյուղական բժշկական ամբուլատորիա, 108 բուժակ մանկաբարձական կետ մնացել է Ադրբեջանի հսկողության տակ: