08/06/2022 17:12
Կիևը շարունակում է վարձկանների հավաքագրումը․պատասխանատվությունն այն երկրներինն է, որտեղից նրանք եկել են․ ՌԴ ԱԳՆ
Ուկրաինան շարունակում է օտարերկրյա վարձկանների հավաքագրումը, ուկրաինական կողմից մարտական գործողություններին օտարերկրյա քաղաքացիների մասնակցության պատասխանատվությունն այն պետություններինն է, որտեղից նրանք եկել են, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՌԴ զինծառայողների դեմ վարձկանների ցանկացած ռազմական գործողություն անմիջապես կկանխվի, օտարերկրյա վարձկանների զինված խմբավորումներն ու այսպես կոչված կամավորները կոչնչացվեն»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև թվային տվյալներ է հրապարակել։
«Իր զինված ուժերի նոսրացող շարքերը համալրելու նպատակով Կիևի վարչակարգը շարունակում է օտարերկրյա վարձկանների հավաքագրումը։ ՌԴ ՊՆ տվյալների համաձայն, տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Լեհաստանից, Կանադայից, Չեխիայից հավաքագրվել է 6,5 000-ից ավելի զինվոր։ Կան անգամ Բրազիլիայի ու Հարավային Կորեայի քաղաքացիներ։ Հունիսին օտարերկրյա վարձկանների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է։ Չնայած դրան, վարձկանների և այսպես կոչված՝ կամավորների հավաքագրումը չի դադարում»,- ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի կողմից մարտական գործողություններին մեծ ակտիվությամբ ներգրավվում են նաև աֆղանստանցի փախստականներն ու «Իսլամական պետության» ներկայացուցիչները, որոնց չեն հասցրել ոչնչացնել Սիրիայում։