14/06/2022 15:18
ԱԻ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը, ընդգծվել է դրա կարևորությունն ու զարգացման ներուժի հնարավորությունները:
ԱԻ նախարարը ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին որպես մարդասիրական օգնություն տրամադրված «Ուազ» մակնիշի 3 միավոր մեքենայի և «Ուրալ» մակնիշի 6 հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի համար:
Արմեն Փամբուխչյանն ընդգծել է ՀՀ ԱԻՆ պատրաստակամությունը համագործակցել ռուսական կողմի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական ոլորտներում։