
14/06/2022 21:14
Ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները (Տեսանյութ)
Ընդդիմությունը որոշել է բացել Ֆրանսիայի հրապարակը։
«Ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները», - հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը
Նրա խոսքով՝ կան պարզ իրողություններ, որոնք պետք է հաշվի առնել։
«Ամեն բան շատ հստակ պետք է ծառայի իր նպատակին։ Մենք վրանային ավանը հիմնեցինք մշտական գործող հավաքատեղ, հասցե, ինչպես նաև դիմադրության առաջին օջախ ձևավորելու համար։ Մենք այդ խնդիրը լուծել ենք մեր գաղափարակից ընկերների, համատեղ ջանքերի շնորհիվ։
Ֆրանսիայի հրապարակն այլևս Դիմադրության շարժմանն է պատկանում՝ անկախ նրանից՝ այստեղ վրաններ կլինեն, թե ոչ։ Մեր ժողովուրդն արդեն նվաճել է Հայաստանի և ՀՀ մայրաքաղաքի բազմաթիվ հրապարակներ։ Մենք ցույց ենք տվել, որ մեզ համար փակ փողոցներ գոյություն չունեն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը միաժամանակ շեշտեց՝ եթե ինչ-որ պահի նպատակահարմար գտնեն, ցանկացած հրապարակում, այդ թվում՝ Ֆրանսիայի հրապարակում, երկու ժամում կվերականգնեն վրանային ավանը։
«Մեր վրանային ավանը լրջագույն հարց է լուծել, սակայն մեր պայքարի հետագա արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ։
Շարժման անելիքները պետք է բխեն առաջադրված խնդիրներից։ Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի կանխենք կապիտուլյացիոն նոր պայմանագրի ընդունումը
Հասնել Նիկոլի հեռացմանը՝ հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով։ Պայքարն այս երկու ուղղություններով պետք է լինի զուգահեռ»,- ասաց Սաղաթելյանը։