20/06/2022 13:25
Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունից հետո մնացե՞լ է կասկած, որ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է «անկախ» ԲԴԽ-ն՝ իր համար անընդունելի մարդկանց ոչնչացնելու համար. Սոս Հակոբյան
Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն հրապարակեց իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն անդրադարձել է թեմային՝ նշելով, թե Ռուբեն Վարդազարյանը այսօր շատ քաջ է գտնվել՝ հրապարակելով Գագիկ Ջհանգիրյանի և Ստեփան Միքայելյանի հետ 2021թ. փետրվարին իր ունեցած զրույցի ձայնագրությունը:
«Նորից նշենք՝ Ջհանգիրյանը, ըստ էության, գործարք է առաջարկում Վարդազարյանին սուս ու փուս հեռանալու և դրա դիմաց առաջարկում է «ջրել» իր նկատմամբ հարուցված կամ հարուցվելիք քրեական գործերը: Այսինքն՝ Ջհանգիրյանը իշխանությունների անունից սպառնում է Վարդազարյանին քաղաքական հետապնդումով, եթե վերջինս չդադարեցնի ԲԴԽ նախագահի պաշտոնում իր կասեցված լիազորությունների համար պայքարը:
Մնացե՞լ է կասկած ինչ-որ մեկի մոտ, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է «անկախ» Բարձրագույն դատական խորհուրդը, քննչական մարմինները, Դատախազությունը՝ իր համար անընդունելի մարդկանց հեռացնելու, նստացնելու և ոչնչացնելու համար:
Մնացե՞լ է կասկած, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ապօրինության է դիմում և դեռ կդիմի դատական համակարգից քարը քարին չթողնելու և այն վարչապետի աշխատակազմին կից ինչ-որ ՊՈԱԿ սարքելու համար:
Ռուբեն Վարդազարյանին պատժում են ոչ միայն ընդդիմադիր գործիչների՝ Վանեցյանի կամ Ղազինյանի հետ ընկերություն անելու համար: Վարդազարյանին փորձում են պատժել ուղղակի իր գործը՝ դատական համակարգի անկախությունը (քիչ թե շատ, ինչքանով, որ հնարավոր է եղել նույնիսկ ՔՊ-ական պայմաններում) անկախ պահելու համար:
Միանաշանակ է, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ջհանգիրյանը չեն մարսելու իրենց լկտիությունները, իրենց ապօրինությունները և պետությունը քանդելու հանձնառությունը անխնա առաջ տանելը: Գալու է հատուցման ժամանակը:
Միանշանակ է, որ Ռուբեն Վարդազարյանի քայլի ամենամեծ նշանակությունը կայանում է մեր՝ հանրության համար նորից ակներև դարձնելը, որ Փաշինյանա-Ջհանգիրյանական խունտան կա՛մ կհեռացվի, կա՛մ վերջնականապես կոչնչացնի պետական համակարգի էլեմենտները:
Արձանագրենք ևս մի բան, որ ներկայում քաջ որոշումների կայացման ժամանակն է. այդ համարձակ որոշումները պետք է կայացվեն բոլոր իմաստներով՝ թե՛ հասարակության հետ երկխոսությունը շարունակելու, թե՛ սեփական սխալներին նորից անդրադառնալու և շտկումներ անելու համար:
Ինչո՞ւ, քանի որ կարևորը նպատակն է, եթե իհարկե մենք ազնիվ ենք մեր հայտարարած նպատակների մասով: Իսկ մեր նպատակը անվտանգ և առաջադեմ Հայաստանն ու Արցախն են և այդ նպատակի կոկորդին կանգնած իշխանությունների հեռացումը», - Facebook-յան իր էջում գրել է Հակոբյանը։