21/06/2022 19:24
Այս իշխանությունից բարոյականություն սպասելն ավելորդ է. Քաղաքագետը՝ Նիգավանի դեպքերի մասին
Նիգավանում տեղի ունեցած սպանություններն անմիջական առնչություն ունեն ՔՊ-ի հետ։ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը երեկ «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում շատ պարզ նշել է, որ սպանությունների մեջ ներգրավված երկու անձինք օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակ են եկել և միացրել ՔՊ-ի «օրհներգը», Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Այդ մարդիկ, որքան ես եմ հասկանում, ՔՊ-ի մոտ սադրիչի «հաստիք» ունեն, այլապես ինչպե՞ս է ստացվում, որ այդ երկու անձինք «միամտաբար» ներգրավված են Ապարանում տեղի ունեցած դեպքում։ Ի դեպ, Նարեկ Սամսոնյանի ասածները ՔՊ-ն և ուժային կառույցները չեն հերքել»,- նկատեց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանի խոսքով՝ ըստ Ապարանում տարածված խոսակցությունների՝ հայտնի միջադեպը նախապատմություն ունի, բուն ողբերգական իրադարձություններին 2-3 օր առաջ վեճեր են նախորդել։
«Ինչ վերաբերում է ոստիկանության պաշտոնական հաղորդագրությանը, այն ուղղակի զզվելի և անգրագետ էր։ Այն ժամանակ, երբ արդեն առնվազն մեկ սպանված կար, ոստիկանությունը հայտնում էր միայն վիրավորների մասին։
Մյուս կողմից, երբ դեռ որևէ տուժող ի վիճակի չի եղել ցուցմունք տալ, ոստիկանությունն արդեն հայտարարում է, որ միջադեպը կենցաղային հողի վրա է տեղի ունեցել։ Այս իշխանությունից բարոյականություն սպասելն ավելորդ է»,- ասաց Համբարյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 19-ին` ժամը 19։45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է երկու քաղաքացի, կան վիրավորներ։
Ըստ ՀՀ ոստիկանության՝ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին` պատճառը կենցաղային է, մինչդեռ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։
«ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ», - այս մասին գրել էր Politik.am-ը։
Մաթևոս Ասատրյանը հերքել էր լուրերն այն մասին, թե ինքը կամ իր ընտանիքի անդամները մասնակցել են տեղի ունեցած ողբերգական դեպքին։
«Բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ», - պնդել էր ՔՊ-ական պատգամավորը։
Ապարանում երկու անձի սպանության կասկածանքով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել: