21/06/2022 17:50
ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց առաջ Վրաստանը պետք է լուծի իր տարածքային խնդիրները․ Ղարիբաշվիլի
Վրաստանը պետք է լուծի իր տարածքային խնդիրները, ինչից հետո միայն կկարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Կատարի տնտեսական համաժողովում ելույթի ժամանակ։
«Մենք հասկանում ենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը միայն մեր ցանկությունից չէ կախված։ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները պետք է կոնսենսուսի հանգեն Վրաստանի անդամակցության հարցում։ Մենք միամիտ չենք ու հասկանում ենք, որ Վրաստանը տարածքային խնդիրներ ունի, և սկզբում պետք է լուծենք այդ խնդիրները, ապա դառնանք ՆԱՏՕ-ի անդամ։ Սա մեր եվրոպացի գործընկերների և ՆԱՏՕ-ի անդամների կարծիքն է»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ին ինտեգրումը Վրաստանի քաղաքացիների մեծ մասի ցանկությունն է, այդ դրույթն ամրագրված է նաև երկրի սահմանադրությունում։
Նշենք, որ Վրաստանի սահմանադրությունում ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու վերրաբերյալ դրույթն ամրագրվել է 2017 թվականին․ «Սահմանադրական մարմիններն իրենց իրավունքների և լիազորությունների սահմաններում պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները` ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին»։