21/06/2022 21:18
Ճապոնիան բողոք է հայտնել Չինաստանին՝ վիճելի կղզիների մոտ նավեր ուղարկելու կապակցությամբ
Ճապոնիան բողոք է հայտնել Չինաստանին՝ Արևելաչինական ծովում վիճելի տարածք համարվող Սենկակու (Դիաոյու) կղզիների մոտ 2 նավ ուղարկելու կապակցությամբ։
«Դիվանագիտական խողովակներով չինական կողմին բողոք ենք հայտնել, քանի որ նմանատիպ գործողություններն անընդունելի ենք համարում։ Կշարունակենք հետևել իրավիճակին Սենկակուի շրջանում և պատասխան միջոցառումներ կձեռնարկենք»,- հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
Ճապոնիայի ծովային անվտանգությունը վերահսկող մարմինն իր հերթին հայտնել է, որ 2022 թվականի ընթացքում չինական նավերն այս տարածք մուտք են գործել 12-րդ անգամ։
Սենկակու (Դիաոյու) կղզիների շուրջ վեճը Ճապոնիայի ու Չինաստանի միջև սրվել է 2012 թվականից։ Այդ ժամանակ Տոկիոն հայտարարել էր, որ կղզիները գնել է Ճապոնիայի քաղաքացիներ հանդիսացող մասնավոր սեփականատերերից, ինչից հետո Չինաստանում բողոքի զանգվածային ալիք էր բարձրացել։ Այդ ժամանակվանից չինական նավերը պարբերաբար հայտնվում են կղզիախմբի մոտ, ցուցադրական «շրջայցեր» անում ափամերձ գոտում։