21/06/2022 22:22
«Պատիվ ունեմ» խմբակցությունը մնալու է, պարզապես դրանում ներկայացված չեն լինելու «Հայրենիք» կուսակցության անդամները․ Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցությունն իր գործունեությունը շարունակելու է խորհրդարանից դուրս, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ մեկնաբանելով պատգամավորական մանդատը վայր դնելու իր որոշումը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը մնալու է, պարզապես դրանում ներկայացված չեն լինելու «Հայրենիք» կուսակցության անդամները»,- ասաց Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ անկուսակցական պատգամավորներն ազատ են իրենց որոշումներում՝ կարող են մնալ խորհրդարանում կամ չմնալ։
Անդրադառնալով իր որոշման պատճառներին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ նախապես տարածած հայտարարությունում արդեն նշել է՝ խորհրդարանը դադարել է լինել այն հարթակը, իսկ պատգամավորական մանդատը՝ այն գործիքը, որը հնարավորություն կտա հասնել հիմնական նպատակին՝ անվտանգ Հայաստան, անվտանգ Արցախ և մեծ հայրենիքում ապրող արժանապատիվ քաղաքացիներ ունենալուն, ինչին հասնելու առաջին նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։