21/06/2022 22:45
«Ավելի արդյունավետ կլինի շարունակել մեր պայքարը նույն նպատակի համար՝ տարբեր ուղղություններով»․ Արթուր Վանեցյանը՝ իր և Դիմադրության շարժման մասին
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց՝ իր և Դիմադրության շարժման նպատակները նույնն են, սակայն դրան հասնելու ճանապարհներն ու ուղիները որոշակիորեն տարբերվում են, այդ պատճառով ինքը որոշել է իր օրակարգով առաջնորդվել։
«Մենք Դիմադրության շարժման հետ անցել ենք ճանապարհ, ես շատ բարձր եմ գնահատում մեր անցած ճանապարհը, առհասարակ՝ բարձր եմ գնահատում մարդկային հարաբերությունները, և Դիմադրության շարժման մեջ ընդգրկված մարդիկ իմ գործընկերներն են, իմ ընկերները, պայքարում են նույն նպատակի համար։
Այս փուլում, ես կարծում եմ, ավելի արդյունավետ կլինի շարունակել մեր պայքարը նույն նպատակի համար՝ տարբեր ուղղություններով»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա հավելեց՝ առանձնանում է, որովհետև հանդիսանում է քաղաքական ուժի ղեկավար, և այդ քաղաքական ուժը որոշել է իր օրակարգով առաջնորդվել։
«Քաղաքական ուժերն առհասարակ կամ որոշում են առանձնանալ կամ միավորվել։ Մեր վերջնական նպատակը համընկնում է, բայց ճանապարհներն ու ուղիները, որոնցով պետք է հասնենք նպատակին, այս փուլում որոշակի տարբերություն կա»,- իր դիրքորոշումը վերահաստատեց Արթուր Վանեցյանը։