22/06/2022 17:59
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան հասցեն փոխվել է․ ամերիկյան դիվանագիտական առաքելությունն այժմ պաշտոնապես գործում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրապարակում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան հասցեի փոփոխությունից հետո Վաշինգտոնը կարճ ժամանակում կճանաչի Դոնբասի հանրապետությունները։
«Ըստ էության, ԱՄՆ-ն Ռուսաստանում պաշտոնապես նոր հասցե է ստացել։ Այժմ Միացյալ նահանգների դիվանագիտական առաքելությունը գտնվում է նոր հասցեում՝ քաղաք Մոսկվա, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրապարակ, շենք 1, 1-9 կառույցներ։ Հուսով եմ՝ ԱՄՆ-ն այլևս չի ձգձգի երիտասարդ հանրապետությունների ճանաչումը․ այնտեղ հիանալի ներուժ կա՝ արդյունաբերական, իսկ կադրերի մասին ընդհանրապես չեմ խոսում ․․․»,- ասել է Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ։
Նշենք, որ Մոսկվայի քաղաքային իշխանությունները ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատանը մերձ տարածքն անվանակոչել են «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրապարակ»։ Համապատասխան որոշումը ստորագրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան նոր հասցեն՝ ՌԴ, քաղաք Մոսկվա, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրապարակ, շենք 1, 1-9 կառույցներ։ Նախկինում ԱՄՆ դեսպանատան հասցեն էր՝ Բոլշոյ Դևյատինսկի նրբանցք։ Դեսպանատան նախկին հասցեն չեղարկվել է։