22/06/2022 21:03
ՔՊ-ն Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել է, բայց քաղաքային իշխանության ձևավորումը տապալված է․ Դոխոյան
Վարչական դատարանը հուլիսի 20-ին կհրապարակի Վանաձորի ավագանու նիստ գումարելու արգելքը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն։
Վարչական դատարանն արգելել էր Վանաձորի համայնքապետի ընտրության օրակարգով ավագանու նիստի գումարումը: ԼՀԿ-ն, որը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վանաձորում ստացել էր ընտրողների ձայների 3,97 տոկոսը և զբաղեցրել 6-րդ տեղը, աջակցելով ՔՊ-ին, դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանը մերժել էր ԼՀԿ-ի հայցը։ ԼՀԿ-ն նաև առանձին միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։
Թեև դատարանն անփոփոխ է թողել Վանաձորի ՏԻՄ ընտրության արդյունքներն ամրագրող որոշումը, սակայն ավագանին նիստ չի կարողանում անել, քանի որ չի վերացվել նիստ հրավիրելն արգելող դատարանի որոշումը։ Սրա հետևանքով Վանաձորում քաոսային իրավիճակ է ստեղծվել, փաստացի, համայնքը տևական ժամանակ ղեկավար չուներ, քանի որ համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով համայնքի ղեկավար էր ընտրվել, կալանավորված է։ Ավագանին էլ չէր կարողանում իր աշխատանքը կատարել:
Իշխող ՔՊ խմբակցությունը, իբրև խնդրի լուծում, արտահերթ նիստով փոփոխություններ կատարեց ՏԻՄ մասին օրենքով, որով վարչապետին համայնքապետի ԺՊ նշանակելու լիազորություն տրվեց, ինչից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը հայտարարել է, որ թեև Վանաձորը համայնքապետի ԺՊ ունի, բայց համայնքային իշխանություն ձևավորված չէ, քանի որ համայնքն ընտրված համայնքապետ չունի, իսկ ավագանին նիստ չի կարողանում հրավիրել և բնականոն աշխատանքը շարունակել։
«Մեր համայնքը խոշորացված համայնք է, իրավունք չունի գործել նախորդ տարվա բյուջեով, պետք է ավագանին նիստ գումարի, առաջին նիստում համայնքի ղեկավար ընտրի, պատասխանատու ստորաբաժանումներ ընտրվեն։ Հիմա նոր պաշտոններ են լինելու, կոչվելու են համայնքի բնակավայրերի ղեկավարներ, նոր նրանք ներկայացնեն բնակավայրի կարիքների հետ կապված առաջարկներ, ըստ ներկայացվածի՝ ձևավորվի համայնքի բյուջեն, նոր սրանից հետո համայնքը կհամարվի ձևավորված։ Հիմա, ըստ էության, համայնքը ձևավորված չէ, մենք չենք կարող առանց քաղաքապետ ընտրելու՝ ինչ-որ բնակավայրի համար որոշում կայացնել։ Հուլիսի 20-ին դատարանը նոր որոշում կկայացնի։ Հավանաբար, արգելքը կհանի, ավագանու նիստ կնշանակվի ու աշխատանքները կսկսվեն »,-ասել է նա:
Ըստ Վահե Դոխոյանի՝ այս բոլոր խնդիրների պատճառը իշխող ՔՊ խմբակցության՝ ՏԻՄ մասին օրենքում փոփոխությունների մասին նախագիծն է, որը, նրա բնորոշմամբ, ամբողջությամբ հակասահմանադրական է։
«Սրան հետևող գործողություն կարող է օրենքի հետ հակասություններ ունենալ, ՏԻՄ-ի ամբողջ խնդիրն է ձևավորել ավագանի և ընտրել համայնքի ղեկավար», -ասել է Դոխոյանը:
Հարցին՝ ինչպիսի՞ տրամադրվածություն է վանաձորցիների մոտ, արդյոք այնտեղ բողոքի և անհնազանդության ակցիաներ հաճա՞խ են լինում՝ իշխանության հրաժարականի պահանջով, Վահե Դոխոյանը պատասխանել է․
«Ճանապարհներ էլ են փակվել, միտինգներ, իրազեկման ակցիաներ են տեղի ունեցել, գործող իշխանության հրաժարականի մեծ պահանջ կա այստեղ»։