23/06/2022 20:26
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է․ կշարունակենք աջակցել երկխոսությանը․ ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը Ռոսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, որը տարածվել է Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան այցի կապակցությամբ։
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանը դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման, Բաքվի և Երևանի միջև վստահության և լիարժեք համագործակցության վերականգնման առանցքային պայման։
«Ռուսական ջանքերն ուղղված են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համանախագահում են փոխվարչապետերը, աշխատանք ենք տանում կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթը համաձայնեցնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա երկաթուղային և ավտոմոբիլային կապ ապահովել և խթանել տնտեսական կապերի վերականգնումը»,- նշված է փաստաթղթում։
ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքը՝ նշելով, որ դելիմիտացիայի նպատակն է նպաստել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպեր տեղի չունենան, «միջպետական սահմանագծի դեմարկացիայի արդյունքում բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում անդրադարձ կա նաև «խաղաղության պայմանագրին»։
«Ռուսաստանն ամեն կերպ կաջակցի այդ բարդ, բայց չափազանց կարևոր գործընթացին՝ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար»,- նշված է փաստաթղթում։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է նաև, որ Բաքվի և Երևանի միջև վստահության ամրապնդմանը նպաստում են նաև «հումանիտար ոլորտում շփումները»։
«Ռուսական կողմը կշարունակի աջակցել քաղաքացիական հասարակության և փորձագետների շրջանակում երկխոսությանը՝ ուղղված հայ-ադբեջանական հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։