23/06/2022 18:50
ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին ցանկացել է գնել Ռուսաստանից հեռացող McDonald's-ի ակտիվները․ Forbes
Մայիսի 19-ին McDonald's-ը, արևմտյան պատժամիջոցների ֆոնին, հայտարարել է ռուսական ակտիվները գործարար Ալեքսանդր Գովորին վաճառելու մասին: Forbes-ին հայտնի է դարձել, որ McDonald's ֆրանչայզի գնմանը վեց հավակնորդ է եղել, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին։
Բանակցություններին ծանոթ աղբյուրները Forbes-ին հայտնել են, որ McDonald's-ի ամերիկացի սեփականատերերը վեց անկախ հարցազրույց են անցկացրել հավանական գնորդների հետ։ Մայիսի 2-ին ամերիկյան կորպորացիայի նախագահը ժամանել է Դուբայ և անձամբ հարցազրույց անցկացրել գնման հավակնորդներից չորսի հետ:
«Բոլորի հետ անցկացվել է լիարժեք հարցազրույց, ամերիկացիները հանդիպել են բոլորի հետ։ Նրանք դեմ առ դեմ զրուցել են չորսի հետ, իսկ մյուս երկուսի հետ հարցազրույցներն առցանց էին», - ասել է գործարքին մոտ կանգնած աղբյուրը:
Երկու աղբյուր Forbes-ին հայտնել է, որ վեց դիմորդներից մեկը Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին է։ Զրուցակիցների խոսքով՝ պետության նախկին ղեկավարի ընտանիքը ընտանեկան գրասենյակ (family office) ունի Լոնդոնում։ Արմեն Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդանն ու Հայկը․ թե նրանցից որն է եղել դիմողների թվում, հայտնի չէ։
Forbes-ը հարցում է ուղարկել Հայաստանի նախագահի մամուլի ծառայությանը: