23/06/2022 17:46
Գյումրիի միջադեպի գործով դատական նիստը հետաձգվել է․ տուժողները չեն ներկայացել
Մայիսի 8-ին Գյումրու Երևանյան խճուղում ընդդիմության ավտոերթի ընթացքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալներ համարվող Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Գևորգ Մուրադյանի գործով դատական նիստը հետաձգվել է՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։
Դատական նիստի ընթացքում պարզվել է, որ տուժողները չեն կարող մասնակցել նիստին, սակայն դատարանն անհրաժեշտ է համարել նրանց ներկայությունը և որոշել է նիստը հետաձգել։
Հաջորդ դատական նիստը կայանալու է հուլիսի 7-ին՝ ժամը 14։00-ին։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք էր տեղի ունեցել, նույն օրը Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում վիճաբանություն էր ծագել այն բանից հետո, երբ 74, 56, 72 և 84 տարեկան տղամարդիկ հայհոյանքներ էին հնչեցրել երթի մասնակից մի խումբ երիտասարդների հասցեին, ձվեր նետել նրանց ուղղությամբ ։
Ավելի ուշ գործով տուժող ճանաչվածները հայտնել էին, որ նշված երիտասարդներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել։