23/06/2022 17:20
Իրանն ու Ռուսաստանը առաջիկա 2 տասնամյակում ռազմավարական համագործակցության մասին նոր համապարփակ պայմանագիր են կնքելու
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են, որ երկու երկրների փորձագետները կարճ ժամանակում պետք է համաձայնեցնեն ռազմավարական համագործակցության մասին նոր փաստաթուղթը, Թեհրանում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Մեր երկրների առաջնորդները համակարծիք են, որ երկու երկրների միջև հարաբերությունները պատմության ընթացքում հասել են իրենց բարձրագույն կետին։ Միաժամանակ, առկա է զգալի ներուժ՝ մեր հետագա գործընկերության զարգացման համար։ Այդ նպատակով այժմ աշխատանք է ընթանում նոր, համապարփակ պայմանագրի շուրջ, որի նախաձեռնությամբ հանդես է եկել Իրանի նախագահը»,- ասել է Լավրովը։
Նա տեղեկացրել է, որ այդ նախաձեռնության վերաբերյալ իրենց առաջարկներն արդեն փոխանցվել են Թեհրանին։
«Այսօր պայմանավորվեցինք, որ փորձագետները պետք է հնարավորինս արագ համաձայնեցնեն այդ կարևոր փաստաթուղթը, որը պետք է սահմանի մեր ռազմավարական գործընկերության հեռանկարները՝ առաջիկա երկու տասնամյակի համար»,- հայտարարել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան ու Թեհրանը մտադիր են համագործակցությունը խորացնել բոլոր ոլորտներում։
Նշենք, որ հունվարին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին բանակցել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հայտարարել, որ Թեհրանը Մոսկվային է փոխանցել առաջիկա 2 տասնամյակում երկրների ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը։