23/06/2022 21:11
Չեմ համարում, որ ձախողվել ենք, շարունակելու եմ պայքարել․ Արթուր Վանեցյան
Ես հենց սկբից ասել եմ, որ եկել եմ Ազատության հրապարակ, որպեսզի իրականացնեմ անժամկետ իրազեկման ակցիա։ Ես ասել եմ, որ իրազեկման ակցիայի վերջում պիտի հասնենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը և կառավարող ուժը հեռանան, ձևավորվի նորմալ, ազգային շահերը սպասարկող կառավարություն, որը պիտի կարողանա լուծել բոլոր այն խնդիրները, որոնք կան, «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախխագահ Արթուր Վանեցյանը։
«Իրազեկման ակցիան սկսվեց շատ փոքր թվով մարդկանցով, հետագայում վերածվեց ավելի մեծ պայքարի, ու փողոց դուրս եկան տասնյակ հազարավոր մարդիկ։ Ի դեպ, երբ ես Ազատության հրապարակում էի, այնտեղ արդեն կային նստացույց անող մարդիկ, օրինակ՝ «Սև հովազ» ջոկատի տղաները։ Հետո եկան հացադուլ անող երկու երիտասարդները, հետո «5165»-ը, հետո մյուսը, մյուսը ու, բոլորով միավորվելով Ֆրանսիայի հրապարակում, սկսվեցին արդեն ամենօրյա ակցիաները։
Ես չեմ համարում, որ ձախողվել ենք ու որ այլևս ոչինչ չպետք է անենք։ Ավելին, ես շարունակելու եմ պայքարել․ պայքար, որը տանելու է մեր հիմնական նպատակին։ Ես ուզում եմ ֆիքսել, որ իմ նպատակը ոչ թե բացառապես Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ իմ նպատակն է ունենալ անվտանգ Հայաստան ու Արցախ։ Սակայն քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր ուժն են իշխում, մենք այդ նպատակին միանշանակ չենք կարողանալու հասնել»,- ասել է Արթուր Վանեցյանը։