23/06/2022 16:55
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայ իրավաբանական միության պատվիրակությանը
Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ-ում գործող Հայ իրավաբանական միության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Վարպետյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ կազմակերպության նպատակն է տարբեր միջազգային հարթակներում պաշտպանել հայ ժողովրդի և արցախահայության իրավունքներն ու շահերը, ինչպես նաև հետամուտ լինել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել միության անդամներին տարբեր միջազգային կառույցներում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար։ Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել արցախյան 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, գերիների վերադարձման խնդրին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, Արցախի ժողովրդի անվտանգության, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերին՝ դրանց լուծման գործում կարևոր նկատելով միջազգային հանրության աջակցությունը։
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանել է նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին հայկական հոգևոր արժեքների պահպանության ուղղությամբ Մայր Աթոռի կողմից ձեռնարկվող քայլերին։