24/06/2022 21:31
Պատրաստ ենք Ռուսաստանի հետ քննարկել սահմանների հարցը՝ մինչև փետրվարի 24-ը եղած դրությամբ․ Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան La Repubblica թերթին տված հարցազրույցում չի բացառել, որ ռուսական կողմի հետ բանակցություններում քննարկման առարկա կարող է դառնալ Ուկրաինայի սահմանների հստակեցումը՝ մինչև փետրվարի 24-ը եղած դրությամբ։ Կուլեբան հայտարարել է նաև, որ ՌԴ նախագահի հետ հանդիպելու՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկն ուժի մեջ է։
«Այնքան էլ խելամիտ չէր լինի, եթե ես բացահայտեի ՌԴ-ի հետ բանակցությունների մեր բոլոր պայմանները, բայց այսօր յուրաքանչյուր կետ կարող է երկխոսության առարկա դառնալ»,- ասել է Կուլեբան՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք ուկրաինական կողմը քննարկել «սահմանների հարցը՝ մինչև փետրվարի 24-ը եղած դրությամբ՝ հրաժարվելով 1991 թվականի դրությանը վերադառնալու հնարավորությունից»։
Ուկրաինայի ԱԳ նախարարը նշել է, որ «խաղաղության հասնելու ուղիները» պետք է քննարկեն Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարները։
Իսկ հարցին, թե Պուտինի ու Զելենսկու հանդիպման առաջարկը դեռ ուժի մե՞ջ է, նա դրական է պատասխանել՝ ասելով․ «Իհարկե, ամեն ինչ ուժի մեջ է»։