24/06/2022 19:30
Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրգործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 21-ին․ Չալաբյանի կալանքի ժամկետն ավարտվում է հուլիսի 12-ին
«Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրգործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ պետք է ընթանար Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունների մերժման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել է, որ գործով դատախազը կանխավ գրություն էր ուղարկել, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող մասնակցել այսօրվա նիստին։ Դատավորը լսել է պաշտպաններին և գործով քննիչին, որոնք ասել են, թե որևէ խոչընդոտ չեն տեսնում, որ նիստն անցկացվի առանց դատախազի ներկայության։
«Սակայն դատավորը որոշեց, որ դատախազի ներկայությունն անհրաժեշտ է, որովհետև նա պետք է հիմնավորի, թե ԱԺ պատգամավորները, Վաչե Գաբրիելյանն ու «Արարը» ինչով վստահություն չէին վայելում, որ նրանց անձնական երաշխավորությամբ Չալաբյանին ազատ արձակելու միջնորդությունը չի բավարարել։ Ուստի դատավորը հետաձգեց նիստը»,–ասել է փաստաբանը։
Նրա խոսքով` հաջորդ դատական նիստը նշանակվել է շուրջ մեկ ամիս հետո` հուլիսի 21-ին։ Սա, Հարությունյանի գնահատմամբ, տարօրինակ է, քանի որ Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետն ավարտվում է հուլիսի 12-ին։ Այսինքն, ըստ փաստաբանի, շատ հնարավոր է, որ հուլիսի 21-ին իրենց բողոքն առարկայազուրկ դարձած լինի։
Հարությունյանը նշել է նաև, որ եթե քննիչը չմիջնորդի երկարացնել Չալաբյանի կալանքը, ապա նա ազատ կարձակվի։ Հակառակ դեպքում նորից կգնան դատարան, և պաշտպանները կներկայացնեն, թե ինչու կալանքի ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն չկա։