24/06/2022 19:40
Որևէ մեկը, այդ թվում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, իրավունք չունի ավագանու «Հայրենիք» խմբակցության անդամի փոխարեն ընտրել համայնքի ղեկավար․ Վահե Դոխոյան
Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը հայտարարությամբ է հանդես եկել․
«Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Վանաձոր խոշորացված համայնքի «Հայրենիք» խմբակցությանը, որի առնչությամբ հայտնում եմ.
Ավագանու նիստի հրավիրումն ապօրինի էր, իսկ մեր չմասնակցելու արդյունքում կանխվել է ապօրինության շարունակականությունը:
Մասնավորապես՝
1) «Հայրենիք» կուսակցությունը և Ավագանու խմբակցությունը հավատարիմ է իր սկզբունքներին, պահպանելու է օրինականությունը, որն էլ պիտի երաշխավորի վանաձորցիների լավ ապրելու հնարավորությունը: Մենք իշխանությանը թույլ չենք տալու վանաձորցիների հույզերի վրա խաղալով մեր սիրելի բնակիչներին մոլորեցնել: Մենք ամեն բան ձեռնարկելու ենք, որպեսզի Վանաձոր խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակչի քվեն պահպանվի և մեր սիրելի համայնքցիների կատարած ընտրությունն իրականություն դառնա:
2) Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչներն իրացնելով Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին կանոնը՝ ընտրել են ավագանի, որին էլ պատվիրակել են համայնքի ղեկավարին ընտրելու լիազորությունը: Սակայն իշխանության կողմից բացահայտ ցինիզմով և առանձնահատուկ դաժանությամբ յուրացվել է մեր բնակիչների իշխանությունն իրականացնելու Սահմանադրության անփոփոխելի հոդվածով տրված իրավունքը:
3) Քանի դեռ ավագանու կամքին հակառակ, ավագանու առաջին նիստով ավագանու կողմից ընտրված չէ համայնքի ղեկավար, ձևավորված չէ խոշորացված համայնքի կառուցվածքը, գնահատված չէ խոշորացված ամբողջ համայնքի առաջնահերթությունները, ավագանին իրավունք չունի քննարկել և հաստատել այլ որոշումներ, այդ թվում համայնքի բյուջեն և որևէ սուբվենցիոն հատկացումներ: Այդպիսի որոշումները կլինեն ապօրինի և անվավեր, որի հետևանքները կկրեն դրանց հաստատողները: «Հայրենիք» խմբակցությունը որևէ դեպքում չի պատրաստվում հանցակից դառնալ Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու իշխանական խմբակցությանը:
4) Որևէ մեկը, այդ թվում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, իրավունք չունի ավագանու «Հայրենիք» խմբակցության անդամի փոխարեն ընտրել համայնքի ղեկավար, որը նա արել է ՏԻՄ օրեքի ապօրինի փոփոխությանը կողմ քվեարկելով:
5) Ավագանու նիստերի կայանալուն խոչընդոտում է բացառապես քաղաքական իշխանությունը՝ իրեն ենթակա դարձրած դատարանի միջոցով: Դատավորի ձեռամբ է ապօրինի արգելվել ավագանուն ընտրելու համայնքի ղեկավարին, ինչն էլ անհնարին է դարձրել ավագանու կողմից բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի հաստատման հնարավորությունը: Հետևաբար՝ Վանաձորի զարգացմանը խոչընդոտում է բացառապես իշխանությունը:
6) Դատարանի կողմից ապօրինի դրված արգելանքը վերացվելուց հետո Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը մասնակցելու է ավագանու նիստերին, ընտրելու է համայնքի ղեկավար և ապահովելու է ավագանու օրինական և բնականոն գործունեությունը՝ շարունակելով ծառայել մեր սիրելի համայնքին։
7) Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարին նշանակողը առաջնորդվել է օրենսդրության կոպիտ խախտումներով, ՏԻՄ ինքնիշխանության սկզբունքի ոտնահարմամբ:
8) Տեղական ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է Սահմանադրությամբ, ուստի ՔՊ պատգամավորներին հորդորում եմ չմիջամտել ՏԻՄ մարմինների անկախությանը և ձեռնպահ մնալ համայնքը քայքայելու գործողություններ։