24/06/2022 15:54
Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի հաջողությամբ. ԱԳ նախարար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մինչ այժմ ամբողջությամբ կատարված չէ. Ադրբեջանը, խախտելով ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև միջազգային հումանիտար իրավունքը, շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես պատանդ և սակարկությունների ու մարդկանց առևտրի առարկա, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է այս պահանջն Ադրբեջանին ներկայացնում: Ավելին՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը: Եվ քանի դեռ եռակողմ հայտարարությունը կա, այդ սուբյեկտի գոյությունը հնարավոր չէ հերքել», - ասել է նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով 2020թ. այդ հայտարարության առաջին կետը, ս․թ․ մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ:
«Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա կրկին՝ բազմիցս նշել ենք, որ Հայաստանն ինքն է մեծապես շահագրգռված այս գործընթացի հաջողությամբ:
Գործընթացը շատ ավելի արագ կհասներ վերջնակետին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք իրականության և մի շարք միջազգային գործընկերների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ աղերս չունեն: Ինչևէ, հանուն արդարության պետք է նշել, որ ապաշրջափակման թեմայի քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, և, հույս ունեմ, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետևանքով չի տապալվի և շուտով հաջողությամբ կավարտվի», - ասել է նախարարը։