
25/06/2022 20:50
Չինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ Թայվանի նեղուցի վրայով ռազմական ինքնաթիռի թռիչքի կապակցությամբ
Չինաստանը վճռական բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ Թայվանի նեղուցի վրայով ամերիկյան ռազմական P-8A Poseidon ինքնաթիռի թռիչքի կապակցությամբ, հայտարարել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի Արևելյան գոտու մարտական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին։
«Ամերիկյան կողմի գործողությունները նպատակաուղղված միջամտություն են և ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում, վտանգում են Թայվանի նեղուցում խաղաղությունն ու կայունությունը, ինչի կապակցությամբ վճռական բողոք ենք հայտնում»,- նշված է չինական բանակի ներկայացուցչի հայտարարությունում։
Ամերիկյան կողմին նախազգուշացվել է նաև, որ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի Արևելյան գոտու մարտական հրամանատարության ներքո գտնվող ուժերը մարտական բարձր աստիճանի պատրաստականության են բերվել և վճռական են՝ պաշտպանելու պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Նշենք, որ Թայվանը 1949 թվականից սկսած՝ կառավարվում է սեփական վարչակազմի կողմից։ 1946 թվականի քաղաքացիական պատերազմում պարտություն կրելուց հետո գոմինդանական ուժերը, Չան Կայշիի գլխավորությամբ, հիմնավորվել են Թայվանում։ Այդ ժամանակվանից կղզին պահպանում է Չինաստանի նախկին՝ մինչկոմունիստական հանրապետության դրոշն ու պետական այլ խորհրդանիշեր։ Պեկինը համարում է, որ Թայվանը ՉԺՀ-ի նահանգներից մեկն է։