25/06/2022 18:06
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն ու Ճապոնիան հայտարարել են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր դաշինքի ստեղծման մասին
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն ու Ճապոնիան հայտարարել են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր դաշինքի ստեղծման մասին։ Եկրները համատեղ հայտարարություն են ընդունել, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքէջում։ Ըստ այդ հայտարարության՝ Partners in the Blue Pacific (PBP) դաշինքը հերթական նախաձեռնությունն է՝ ուղղված տարածաշրջանային արդյունավետ համագործակցության զարգացմանն ու կղզի պետություններին աջակցության ցուցաբերմանը։
«Մեր 5 երկրները գործարկում են համապարփակ ոչ պաշտոնական մեխանիզմ՝ Partners in the Blue Pacific դաշինքը՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջնահերթ խնդիրներին ավելի արդյունավետ ու գործուն աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Այս նոր նախաձեռնության հիմքում տարածաշրջանի նկատմամբ մեր երկարամյա հանձնառությունն է, մեր սերտ կապերը և խաղաղօվկիանոսյան կղզի պետությունների հետ երկարամյա գործընկերությունը։ Միասնական ենք տարածաշրջանին աջակցելու հարցում՝ համաձայն ինքնիշխանության, թափանցիկության, հաշվետվողականության սկզբունքների՝ խաղաղօվկիանոսյան պետությունների ղեկավարության ու առաջնորդության ներքո»,- նշված է հայտարարությունում։
Դաշինքի երկրները նախատեսում են ջանքեր գործադրել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջնահերթ համարվող խնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ՝ համաձայն Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի՝ մինչև 2050 թվականի ռազմավարության, որը հաստատման է ներկայացվելու կազմակերպության երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ։
«Մենք առկա նախագծերի իրականացման ճանապարհային քարտեզ կմշակենք ու ապագա նախաձեռնությունները կծրագրավորենք այնպես, որ հնարավոր լինի ավելի շատ ռեսուրսներ ներգրավել դրանց իրականացման համար։ Զուգահեռաբար, երկրներից յուրաքանչյուրը կշարունակի իր ջանքերը ներդնել տարածաշրջանին աջակցությոն ցուցաբերելու համար»,- նշված է նոր դաշինքի հայտարարությունում։