27/06/2022 17:33
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի վերականգնման աշխատանքներն սկսվել են
Վրաստանի իշխանություններն սկսել են դեպի Ռուսաստանի սահման տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները․ ճանապարհը վնասվել էր հորդառատ անձրևների պատճառով, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության լրատվական ծառայությունից։
«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի վերականգնման աշխատանքները սկսվել են, ճանապարհահատվածը վնասվել էր Թերեք գետի՝ ափերից դուրս գալու հետևանքով։ Տեղում են նախարարության համապատասխան ներկայացուցիչները, ձեռնարկվում են բոլոր միջոցառումները , որպեսզի ճանապարհն ամենակարճ ժամկետում վերանորոգվի»,- նշել են գերատեսչությունից։
Ավելի վաղ Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Կազբեգի» մաքսակետի աշխատանքը, քանի որ հորդառատ անձրևները վնաս են հասցրել դեպի մաքսակետ տանող միջպետական նշանակության ճանապարհին։
Նշենք, որ կիրակի երեկոյան Վրաստանում տեղացած հորդառատ անձրևը մեծ վնասներ է հասցրել Մցխեթա-Մթիանեթի շրջանին, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի մոտ, վնասվել է նաև միջպետական ճանապարհը։ Երկուշաբթի օրվանից տեղի իշխանություններն սկսել են վերականգնողական աշխատանքները։