28/06/2022 20:02
Սա բանակում նորություն չէ․ հազարավորներն են ԳՇ պաշտոնյայի նկարագրած սխեմայով զորակոչվել բանակ․ խորհուրդ եմ տալիս մեկնաբանություն անել բացառապես մասնագիտական տեսանկյունից․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն արձագանքել է ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ Սահակ Սահակյանի հայտարարությանը, թե «Սուրեն Պապիկյանի կողմից սահմանված նոր կարգով է», որ նորակոչիկները մարտական հերթապահության են ընդգրկվում ծառայության 5-6-րդ ամսվանից հետո։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն ընդգծել է, որ կարգը նոր չէ, ուստի այն որպես նորություն ներկայացնելու կարիք էլ չկա։
«Գլխավոր շտաբի պաշտոնյան լրագրողների հետ զրույցում համոզում է, որ պաշտպանության ներկայիս նախարարի ջանքերով՝ բանակ զորակոչվող պարտադիր ժամկետային զինծառայողները նախ 5 ամիս ժամկետով ծառայություն կկրեն ուսումնական հրաձգային գումարտակներում, որից հետո միայն կարող են ընդգրկվել մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումներում։
Լրագրողներից մեկն արձագանքեց, որ նախկինում էլ է այդ կարգը գործել, սակայն ԳՇ պաշտոնյան կրկին պնդեց, որ դա նորություն է։
Հիմա ինձ կհամոզեն, որ ես տարիներով ոչ թե նույն ուսումնական գումարտակներ եմ այցելել, նույն 5 ամիսը հետևել, թե ով ինչով է զբաղվում, այլ դա ուղղակի երազ է եղել։
Հազարավոր մարդիկ են ԳՇ պաշտոնյայի նկարագրած սխեմայով զորակոչվել բանակ, առաջին 5 ամիսն անցկացրել ուսումնական գումարտակներում, ապա նոր միայն համալրել մարտական հերթապահություն կրող հրաձգային գումարտակները։
Բացառություններ են եղել որոշ ստորաբաժանումների և խիստ սահմանափակված անձնակազմի համար։
Բայց կրկնում եմ՝ սա բանակում նորություն չէ։
Նույն պաշտոնյան պնդում է, որ Արցախ ՀՀ-ից զորակոչ չի գնում, որովհետև քաղաքական որոշում կա Պաշտպանության բանակը համալրել բացառապես պայմանագրային անձնակազմով։
Նախ, ՊԲ-ն համալրվում է նաև Արցախի պարտադիր ժամկետային զինծառայողներով, երկրորդը, ՊԲ-ն փորձում են առավելագույնս պայմանագրայիններով համալրել, որովհետև ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման հետևանքով ՀՀ-ից զորակոչ Արցախ չի գնում։
ԳՇ պաշտոնյայի մյուս հայտարարություններին չեմ ուզում բոլոր մանրամասներով անդրադառնալ՝ զուտ անվտանգային նկատառումներից ելնելով, թե չէ ասելիք շատ կա, բայց գնդապետ Սահակ Սահակյանին խորհուրդ եմ տալիս վերոնշյալ թեմաները մեկնաբանել բացառապես զինվորական, մասնագիտական տեսանկյունից»,- գրել է Տիգրան Աբրահամյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։