29/06/2022 19:45
ԱԺ կոչվող «բալագանում» «ընտրություն» ներկայացումը բեմադրված է հավուր պատշաճի. իրավապաշտպան
«Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադարձել է ԱԺ-ում գլխավոր դատախազի և դատավորների ընտրության գործընթացին․
««Ժողովրդավարական» բեմադրություն․․․
ԱԺ կոչվող «բալագանում» կատարվում են նոր նշանակումներ, որոնց անունը «ընտրություններ» են։ Վարչապետ կոչեցյալ բռնապետիկը բարձր վարձատրվող իր ստրուկ-պատգամավորներին հանձնարարել է, որպես կոճակներ, միաձայն «ընտրել» իր հերթական ստրուկ՝ այս անգամ դատավորներին և դատախազին։
ԱԺ կոչվող «բալագանում» «ընտրություն» կոչվող ներկայացումը բեմադրված է հավուր պատշաճի։ Ելույթ են ունենում թեկնածուները, խոսում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և այլ անհեթեթությունների մասին, լուրջ դեմքերով պատասխանում, նույն լուրջ դեմքերով տրված հարցերին։
Բեմադրությանը, բացի գլխավոր հերոսներից, որոնք, բնականաբար, ստանում են բռնապետիկի բոլոր ստրուկ-պատգամավորների ձայները, մասնակցում են նաև ստատիստներ՝ դատավորների իբր թեկնածուներ, որոնք նախապես իմանալով, որ ստանալու են 0 ձայն, այնուամենայնիվ, մասնակցում են ներկայացմանը։
Դե՛ հիմա, մեկ էլ տեսար այլ պաշտոնի նշանակեն, հո դեմ չեմ գնալու․․․ բա որ․․․»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավետիք Իշխանյանը։