29/06/2022 20:40
Բրիտանիայում կարծում են, որ Շոտլանդիան չի ցանկանա անջատվել իրենցից՝ Ուկրաինայի իրադարձությունների լույսի ներքո
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը հայտարարել է, որ շոտլանդացինեչրը չեն ցանկանա անջատվել Միացյալ Թագավորությունից՝ Ուկրաինայի հակամարտության պատճառով ստեղծված աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։
«Մարդիկ զգում են, որ Միացյալ Թագավորության կազմում գտնվելը, հավանաբար, ավելի բարենպաստ է։ Մի քանի պատճառով են նրանք ցանկանում Մեծ Բրիտանիայի մաս կազմել։ Եթե դիտարկենք COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումները, ապա այնպիսի ծավբալի օգնություն, որն ստացավ Շոտլանդիան, կարող էր տրամադրվել միայն հզոր քաղաքական դաշինքին մաս կազմելու պարագայում։ Եթե հարցը դիտարկենք պաշտպանական տեսանկյունից, ապա ՌԴ նախագահը բազմիցս հիշատակել է միջուկային զենքի մասին, իսկ շոտլանդացիները հասկանում են, որ որպես պետություն՝ ավելի ուժեղ ենք միասին»,- ասել է Ուոլլեսը՝ Sky News հեռուստաալիքի եթերում։
Նշենք, որ մեկ օր առաջ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, ով ներկայացնում է Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, առաջարկել էր 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հանրաքվե անցկացնել՝ Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի անջատման հարցով։ Խոսքը, սակայն, այսպես կոչված «խորհրդակցական հանրաքվեի» մասին է․ եթե նույնիսկ շոտլանդացիների մեծամասնությունը կողմ քվեարկի հանրաքվեի դրված հարցին, դա չի հանգեցնի Շոտլանդիայի անկախացմանը։ Ընդ որում, բուն հանրաքվեի անցկացումը պետք է համաձայնեցվի Լոնդոնի հետ։ Այնուհանդերձ, բրիտանական իշխանությունների կողմից առաջարկը մերժելու դեպքում, ինչպես հայտարարել է Սթերջենը, իրենք կարող են դիմել Մեծ Բրտանիայի գերագույն դատարան։ Շոտլանդիայի առաջին նախարարը չի բացառել նաև միակողմանի քվեարկություն կազմակերպելու հնարավորությունը։