29/06/2022 19:53
Ընդդիմությունը լիներ, թե չլիներ, հավաքվելու էին, իրենց սրտի թեկնածուին գլխավոր դատախազ ընտրեին. Քրիստինե Վարդանյան
2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ-ում այնպիսի պատկեր է ձևավորվել, որ իշխող ուժը, առանց որևէ կարծիք հաշվի առնելու, կարող է անել այն ամենն, ինչ ուզում է և ինչ որոշել է փակ դռների հետևում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՔՊ-ն, առանց ընդդիմության, խորհրդարանում Գլխավոր դատախազ ընտրեց։
«ՔՊ-ն ականջալուր չի լինում որևէ կարծիքի, այդ թվում՝ նաև փորձագիտական, մասնագիտական և ընդդիմադիր։ Այս պատկերը տեսել ենք ամիսներ շարունակ, հետևապես, ընդդիմությունը լիներ, թե չլիներ, հավաքվելու էին, գլխավոր դատախազին տալու էին նույն հարցերը, որոնք հիմա գրել-տվել են և քվեարկելու էին այնպես, ինչպես քվեարկել են։
Որևէ փոփոխություն այստեղ չէր լինելու, և իրենց սրտի թեկնածուն ընտրվելու էր։ Դա չի որոշվում Ազգային ժողովում, դա որոշվում է ՔՊ փակ նիստում»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ շատ կարևոր է հասկանալ, թե ընդդիմությունն ինչ մանդատ է ստացել։
«Ընդդիմությունը մեկ մանդատ է ստացել՝ իշխանափոխություն իրականացնելու մանդատ, և այդ նպատակն է, որ ընդդիմությունն իրավունք չունի փոխել։ Մենք հայտարարել ենք, որ բացի այն հարցերից, որոնք Ֆրանսիայի հրապարակում ձևակերպվել են և որոնց հետևից գնում են հազարավոր քաղաքացիներ, այդ օրակարգից դուրս ցանկացած հարց շեղում է կենսական օրակարգից։
Հիմա հայ հանրությունն ունի այլ առաջնահերթություններ, և այդ օրակարգը ԱԺ-ում չի քննարկվում, հետևապես, մեզ մեղադրել որևէ օրակարգի չմասնակցելու մեջ, ազնիվ չէ։ Յուրաքանչյուր գիտակից մարդ իրեն մեղադրում է, որ այս իշխանությունը մեկ օր, մեկ ժամ շատ է կարողանում մնալ իշխանության։ Սա է ամենածանր մեղադրանքը, հավատացեք, որ կարող է լինել մտքով և սրտով հայի համար։
Այսպիսով, հիմա հայկական օրակարգը լրիվ այլ է և, ճիշտն ասած, գլխավոր դատախազի ընտրության հետ այնքան էլ կապ չունի»,- ամփոփեց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում այսօր ընտրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին։
Փակ գաղտնի քվեարկությամբ Վարդապետյանի օգտին քվեարկել է 70 պատգամավոր, դեմ քվեարկողներ չեն եղել։
Վարդապետյանը պաշտոնը ստանձնելու է ԱԺ նիստում տրված երդմամբ, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին։