29/06/2022 13:44
Հանրային հետաքրքրություն ունեցող գործերի պակաս չունենք. օրինականության խախտման վրա աչք չի փակվելու. Գլխավոր դատախազի թեկնածու (Տեսանյութ)
Ազգային ժողովը շարունակում է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց՝ որպես գլխավոր դատախազ՝ իր համար հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերի հիմքերը արժանանալո՞ւ են ուսումնասիրման, անհրաժեշտության դեպքում՝ նաև վերանայման։
Աննա Վարդապետյանն էլ արձագանքեց, թե հանրային հնչեղություն ունեցող գործեր չկան, կան գործեր, որոնք ունեն հանրային հետաքրքրություն։
«Կարծում եմ՝ հանրային հետաքրքրություն ունեցող գործերի պակաս չունենք։ Գլխավոր դատախազը չունի վարույթներ, գլխավոր դատախազի գործառույթն առավելապես կազմակեպական է, բայց նաև, իմ մասնագիտական հետաքրքրությունները հաշվի առնելով, այո՛, նախաձեռնելու եմ իրավական քննարկումներ, պահանջելու եմ ու խնդրելու եմ», - ասաց գլխավոր դատախազի թեկնածուն։
Նա նշեց, թե եթե փաստագրվեն օրինականության խախտումներ, դրանք անհետևանք չեն մնալու, որովհետև թիրախային հետևողական մոտեցումը օրինականության խախտման նկատմամբ ճիշտ ազդակ է համակարգին, թե ինչ է ակնկալվում համակարգից։
Վարդապետյանի խոսքով՝ եղել են իրավիճակներ, երբ օրինականությունը ստուգելու արդյունքում դատախազությունը որոշակի խնդիրներ է արձանագրել հսկող դատախազի աշխատանքում։
«Օրինականության խախտման վրա աչք չի փակվելու», - վստահեցրեց գլխավոր դատախազի թեկնածուն։